2011 թ. հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Չարենցավանի թիվ 5 դպրոցում վիճաբանության արդյունքում մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին քննությունը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը պահանջել է վերացնել քրեական գործը կարճելու մասին որոշումը, գործն ուղարկել նախաքննության եւ Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնել համապատասխան որոշում կայացնել բողոքարկված որոշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 10-ամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել է 46 օր ուշացումով եւ ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ` «մինչեւ մահը հասցված թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»:

Պատահարը տեղի է ունեցել դպրոցում` քննության ժամանակ, եւ 10-ամյա տղային համադասարանցիների կողմից ծեծի ենթարկելու պահին դպրոցի ադմինիստրացիան միջոցներ չի ձեռնարկել ծեծկռտուքը կանխելու ուղղությամբ, ինչը Դերենիկ Գասպարյանի մահվան պատճառ է դարձել:

 2010 թ. hունիսի 5-ին չորրորդ դասարանի աշակերտ Դերենիկ Գասպարյանի ծնողները որդուն տարել են դպրոց` մաթեմատիկայի քննության մասնակցելու համար եւ երեխային հանձնել դասղեկ Սուսաննա Կակոյանի եւ մաթեմատիկայի ուսուցչուհի Էլմիրա Կարապետյանի հսկողությանը, սակայն դպրոցում երեխաների համար պատասխանատու վերը նշված ուսուցչուհիները, զբաղված լինելով ոչ պայմանագրային աշխատանքով, երեխաներին թողել են առանց հսկողության։