Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի մասնակցի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն: Նրա խոսքով, Վրաստանի նախագահի վարչակազմը համապատասխան հրավեր չի ստացել Բելառուսից:
Իր հերթին, Միսնկում հայտարարել են, որ Բելառուսում այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրելու պրակտիկա չկա, հաղորդում է actualcomment.ru-ն:
«Բելառուսում այդպես է եղել ի սկզբանե, որ երդմնակալության արարողությանն այլ պետությունների բարձրաստիճան պաշոնյաները հատուկ չեն հրավիրվում»,- նշել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Պավել Լյոգկին: Նրա խոսքով, ամեն երկիր ունի իր քաղաքական ավանդույթները: «Թե ինչպես է կազմակերպվում երդմնակալությունը եւ ով է հրավիրվում, դա յուրաքանչյուր երկրի ներքին գործն է: Որեւէ ընդհանուր միջազգային, դիվանագիտական, արձանագրային պրակտիկա այս հարցում չկա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը պետք է անցկացվի ընտրությունից հետո 2-ամսյա ժամկետում, այսինքն մինչեւ փետրվարի 19-ը:




























