Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ստանձնել է նոր ժամկետով Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Այս մասին հայտարարել է ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը, երբ Պուտինն ընդունել է նախագահական կրծքանշանը եւ Կրեմլյան Մեծ պալատի Անդրեեւյան դահլիճում երդվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պետության ղեկավարի պաշտոնում սա Պուտինի արդեն չորրորդ ժամկետն է: Նրա նախորդ 2 ժամկետները տեւել են 4-ական տարի, Ռուսաստանի Սահմանդրության մեջ կատարված փոփոխություններից հետո պետության ղեկավարի մանդատը երկարացվել է մինչեւ 6 տարի: Պուտինն առաջին վեցամյա ժամկետում աշխատել է 2012 թվականից, նրա լիազորությունների նոր ժամկետը կլրանա 2024 թվականի մայիսի 7-ին: Հիմնական օրենքի 81-րդ հոդվածի համաձայն՝ «միեւնույն անձը չի կարող նախագահի պաշտոնը զբաղեցնել անընդմեջ 2 ժամկետից ավելի»:
2018 թվականի մարտին ընտրություններում հաղթելուց հետո Պուտինը մեկնաբանել էր 2030 թվականին նախագահի պաշտոնին իր հնարավոր վերադարձի մասին ենթադրությունը՝ դա ծիծաղելի անվանելով: «Այն, ինչ դուք ասում եք մի փոքր ծիծաղելի է,- ասել էր պետության 65-ամյա ղեկավարը՝ մարտի 18-ին իր ընտատեղամաս այցելելիս պատասխանելով լրագրողի հարցին: - Եկեք հաշվենք…Ես, ի՞նչ է, այստեղ պետք է 100 տարի նստեմ: Ո՛չ»:
Պուտինն առաջին անգամ պետությունը ղեկավարել է 2000 թվականին՝ այս պաշտոնում 2 ժամկետ աշխատելով՝ մինչեւ 2008 թվականը, երբ նախագահ էր ընտրվել Դմիտրի Մեդվեդեւը: 2012 թվականին նա կրկին իր թեկնածությունն առաջադրելու հնարավորություն էր ստացել: Պուտինն առաջին նախագահն է, ում լիազորությունների ժամկետը 6 տարով է հաշվվում:
Լիազորությունների նոր ժամկետում պետության ղեկավարի վկայականը ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան Պուտինին էր հանձնել դեռեւս ապրիլի 3-ին:




























