Գերմանիան եւ Ֆրանսիան նախկինի պես համոզված են իրանական միջուկային ծրագրի համաձայնագրի պահպանման անհրաժեշտության հարցում, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ Բեռլինի մոտ գտնվող «Բորզիգ» դիվանագիտական վիլլայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք, ինչպես նախկինում, համոզված ենք, որ այս համաձայնագիրն աշխարհն ավելի անվտանգ է դարձնում, առանց այս համաձայնագրի աշխարհը պակաս անվտանգ կլինի»,- ասել է Մաասը՝ հավելելով, որ Գերմանիան եւ Ֆրանսիան «Իրանի միջուկային ծրագրի վերահսկման եւ սահմանակման մեխանիզմներին այլ իրական այլընտրանքներ չեն տեսնում, բացի նրանցից, որոնք ամրագրված են Վիեննայի համաձայնագրով»:

Լե Դրիանի խոսքով՝ Փարիզը եւ Բեռլինը «բրիտանացի գործընկերների հետ միասին հանդես են գալիս իրանական միջուկային ծրագրի համաձայնագրի պահպանման օգտին, որովհետեւ կարծում ենք, որ դա ճիշտ քայլ է միջուկային սպառազինության տարածման սահմանափակման ուղղությամբ»:

«Մենք այս համաձայնագիրը փրկելու հարցում վճռական ենք տրամադրված եւ իհարկե, ամերիկացիների որոշմանն ենք սպասում: Սակայն այդ որոշումից անկախ՝ պատրաստ ենք այն աջակցել»,- ասել է ֆրանսիացի նախարարը: