Ոստիկանությունը հունվարի 17-ին ձերբակալել է «ԿԱՎ» շինարարական ընկերության հաշվապահական սենյակը հրկիզման մեջ կասկածվողին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքում ձերբակալվել է Ախուրյանի բնակիչ 54-ամյա Վանիկ Հրաչիկի Աբրահամյանը, ով կասկածվում է այս տարվա հունվարի 9-ին ժամը 13:30-ի սահմաններում Ախուրյանում գտնվող «ԿԱՎ» շինարարական ընկերության հաշվապահի սենյակը հրկիզելու մեջ:

Ընկերության տնօրեն Սարգիս Վաչագանի Կասեմյանը հունվարի 9-ին դիմել էր ոստիկանության Ախուրյանի բաժին եւ հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք հրկիզել են հաշվապահության սենյակը, որի հետեւանքով այրվել էին հաշվապահական փաստաթղթերը:

Ախուրյանցիները պատմել են, որ Վանիկ Աբրահամյանը հաշվապահական սենյակն այրել է այն պատճառով, որ վերջինս այդ ընկերության համար երկաթե դռներ է պատրաստել, սակայն իրեն չեն վճարել: Ինքն էլ ոգելից խմիչքի ազդեցության տակ որոշել է վրեժխնդիր լինել: