Գերմանիան եւ Ֆրանսիան կրկին ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնած Վլադիմիր Պուտինից միջազգային հակամարտությունների լուծմանը կառուցողական մասնակցություն են ակնկալում, հաղորդում է DW-ն:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ Բեռլինում կայացած հանդիպմանը Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է նպաստի Սիրիայում եւ Ուկրաինայում ճգնաժամերի լուծմանը:

Նրա խոսքով՝ Բեռլինն ու Փարիզը շահագրգռված են Մոսկվայի հետ երկխոսության հարցում եւ նրանից կառուցողական ներդրում են ակնկալում գոյություն ունեցող խնդիրների լուծման գործում: Լը Դրիանը նույնպես ընդգծել է Մոսկվայի հետ երկխոսության կարեւորությունը՝ միաժամանակ նրան բարդ գործընկեր անվանելով: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի մեկուսացումը ոչ մի օգուտ չի բերի ո՛չ նրան, ո՛չ Եվրոպային:

Մայիսի 7-ին Մոսկվայում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը. նա այդ պաշտոնում վերընտրվել էր մարտի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում: