Այսօր, հունվարի 19-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կժամանի Ստամբուլ, որտեղ թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուի հետ կանցկացնի Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի առաջին նիստը:
Կողմերը կքննարկեն ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարում հնարավոր համագործակցությունը, եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձեւավորման հեռանկարները, համագործակցությունը սեւծովյան տարածաշրջանում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Քննարկումների կենտրոնում կլինեն Կիպրոսի, Մերձավոր Արեւելքի, Հարավային Կովկասի, Իրաքի, Աֆղանստանի եւ Կենտրոնական Ասիայի խնդիրները:
Անուշադրության չի մատնվի նաեւ իրանական հարցը: Հունվարի 21-ից 22-ը Ստամբուլում նախատեսված է Եվրամիության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպումը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի ներկայացուցիչները:




























