Ամերիկյան Microsoft կորպորացիան հայտարարել է 25 մլն դոլար արժողությամբ նոր նախաձեռնության գործարկման մասին, որն ուղված է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք կօգնեն թեթեւացնել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց կյանքը: Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան եւ նախագահ Բրեդ Սմիթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ծրագիրը նախատեսված է 5 տարով եւ ներառում է դրամաշնորհների տրամադրում սթարթափերին, մասնավոր հետազոտություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են հաշմանդամությամբ մարդկանց կյանքի թեթեւացմանը կոչված տեխնոլոգիական տարբեր լուծումների ստեղծման համար արհեստական ինտելեկտի հետազոտությամբ: Microsoft-ը մտադիր է նաեւ ներդրումներ կատարել այդպիսի տեխնոլոգիաների զարգացման մեջ եւ իր կողմից փորձագիտական աջակցություն ցույց տալ:
«Աշխարհում ապրում է ժամանակավոր կամ մշտական սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մոտ 1 մլրդ մարդ»,- Associated Press-ին ասել է Բրեդ Սմիթը: Նրա խոսքով՝ նման մարդիկ օժտված են «վիթխարի պոտենցիալով», եւ նորագույն տեխնոլոգիաները «կարող են նրանց օգնել ավելի շատ բանի հասնել»: Խոսքը նաեւ հատուկ համակարգչային ծրագրերի ստեղծման մասին է, որոնք կարող են օգնել վատ լսողներին եւ վատ տեսնողներին, ինչպես նաեւ, օրինակ, աուտիզմով կամ դիսլեկսիայով տառապող մարդկանց:





























