Ստամբուլահայ հայտնի գործիչ, «Ակոս» թերթի խմագիր Հրանտ Դինքի սպանության 4-րդ տարելիցը տարբեր միջոցառումներով կնշեն Թուրքիայի մի քանի քաղաքներում:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Ստամբուլից,  թուրքական մի շարք կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կողմից հունվարի 19-ին Ստամբուլում կազմակերպվելու է երկու միջոցառում՝ «Առանց Հրանտի 4 տարի: Հաշիվ ենք պահանջում իրական մարդասպանից» կարգախոսի ներքո: Նախատեսված է սգո միջոցառում «Ակոս»-ի դիմաց 15:00-ին եւ ջահերով երթ՝ 19:00-ին Թաքսիմի հրապարակից:

Հիշյալ նախաձեռնող խմբի հայտարարության մեջ նշվում է. «Հրանտ Դինքի եւ պետության կողմից իրագործված նման մյուս սպանությունների իրական պատվիրատուներին դատապարտելու համար, իրական պատվիրատուներից հաշիվ պահանջելու համար բոլորին հրավիրում ենք Թաքսիմի հրապարակ»:

Անկարայում կցուցադրվի Դինքին նվիրված ֆիլմ, որից հետո՝ երեկոյան կիրականացվի երթ՝ «4 տարի է, ինչ Հրանտը չկա» կարգախոսով:

Թուրքիայի Բոդրումի քաղաքապետարանի դիմաց եւս սգո միջոցառում տեղի կունենա, որի ընթացքում խոսքով հանդես կգա Taraf թերթի սյունակագիր Մարկար Եսայանը: