Մաքսային պետական կոմիտեի լրատվական ծառայությունից երեկ պաշտոնապես հաստատել են թերթի այն տեղեկությունը, որ անցյալ տարեվերջին ՊԵԿ Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան պետ է նշանակվել Բաբկեն Ղազարյանը։ Նա Էրեբունու նախկին թաղապետ, «հռչակավոր» Մհեր Սեդրակյանի մերձավոր շրջապատից է եւ հայտնի է 2008-ի նախագահական ընտրությունների օրը, ինչպես նաեւ հետընտրական շրջանում ընդդիմության ներկայացուցիչների դեմ կատարված բռնություններով։ Նա Էրեբունի վարչական շրջանում 2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած այլանդակ ընտրակեղծիքների, լցոնումների եւ տուրուդմփոցի ակտիվ մասնակից էր. նույնը օրը նաեւ բռնություն էր գործադրել թերթի թղթակցի հանդեպ, գողացել նրա ձսյնագրիչն ու ֆոտոխցիկը, տեղամասում ծեծուջարդ սարքել ու փախել։ Բայց ոչ իր այդ արարքի եւ ոչ էլ հետագայում Հյուսիսային պողոտայում ընդդիմության ներկայացուցիչների վրա կատարած հարձակումների համար նա չպատժվեց։
Ավելին, սույն անձը նշանակվել է վերոնշյալ վարչության պետ։ Հիմա, փաստորեն, քրեական հանցանք թույլ տված անձնավորության կարիերայի առաջխաղացում է տեղի ուենցել, թեեւ երեկ ՊԵԿ մամուլի ծառայությունից թերթին փոխանցել են, թե Ղազարյանն այդ պաշտոնում նշանակվել է 3 ամիս փորձաշրջանով։





























