ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի համաձայնագիրը «սարսափելի միակողմանի գործարք» է համարում, որը չի կարողացել պաշտպանել Ամերիկայի ազգային շահերը:

Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հայտնելով՝ Թրամփը նշել է, որ եթե երկիրը մնա պայմանագրում, ապա մոտ ապագայում միջուկային սպառազինությունների մրցավազք կսկսվի:

Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը խրախուսեց իրանական ռեժիմի չարամիտ վարքագիծը՝ թույլ տալով պահպանել միջուկային հետազոտությունները եւ զարգացումը: Այս կապակցությամբ Թրամփն իր վարչակազմին հանձնարարել է անմիջապես վերսկսել պատժամիջոցների գործողությունը, որոնք համաձայնագրի շրջանակում կասեցվել էին:

Այդ պատժամիջոցները կուղղվեն Իրանի էներգետիկ, նավթաքիմիական եւ ֆինանսական ոլորտներին: Իրանում բիզնես վարողներին ժամանակ կտրվի բոլոր գործառնությունները դադարեցնելու համար: Նրանք, ովքեր դա չանեն  որոշակի հետեւանքներին բախվելու վտանգի կենթարկվեն:

Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը իրանական ռեժիմին «կստիպի փոխել իր չարամիտ գործողությունները»:

Թրամփը մտադիր է պետությունների լայն կոալիցիա ստեղծել՝ Իրանին միջուկային զենք ձեռք բերլու բոլոր ուղիներից զրկելու համար:

ԱՄՆ նախագահը Իրանին «ահաբեկչության գլխավոր հովանավոր» է անվանել՝ մեղադրելով նրան Սիրիայում, Եմենում իրավիճակի սրման համար, Իրաքում ահաբեկիչներին աջակցելու, «Հըզբոլլահի» միջոցով Լիբանանում իրավիճակը ապակայունացնելու փորձերի, ինչպես նաեւ «Համասին», «Թալիբանին» եւ «Ալ Քաիդային» աջակցելու համար: