Ռուսաստանը խորապես հիասթափված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) պարտավորությունների կատարումից միակողմանիորեն հրաժարվելու  եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի ազգային պատժամիջոցները վերականգնելու կապակցությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Գործողությունների ծրագիրը միայն Միացյալ Նահանգներին չի պատկանում, այլեւ ողջ միջազգային հանրության սեփականությունն է, որը բազմիցս հաստատել է իր շահագրգռվածությունը դրա պահպանման եւ երկարաժամկետ կայուն իրականացման նպատակով միջազգային եւ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման, ինչպես նաեւ միջուկային զենքի տարածումը կանխելու համար:

Չափազանց մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն հերթական անգամ բազմաթիվ պետությունների կարծիքներին դեմ   եւ բացառապես սեփական նեղ շահերի շրջանակում է գործում՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը:

ԳՀՀԾ-ից հրաժարվելու որեւէ հիմք չկա եւ չի կարող լինել: Գործողությունների ծրագիրը ցույց տվեց իր լիարժեք գործունակությունը: Այն արդյունավետ կերպով հաղթահարում է իր առջեւ դրված բոլոր խնդիրները:

Իրանը խստորեն հետեւում է իր պարտավորություններին, ինչը պարբերաբար հաստատվում է ԱԷՄԳ-ի կողմից: Մենք լիովին աջակցում ենք եւ ողջունում ենք դա:

Ռուսաստանը բաց է ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցների հետ հետագա փոխգործակցությունը եւ կշարունակի Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ համագործակցությունը եւ քաղաքական երկխոսությունը ակտիվորեն զարգացնել», - ասվում է հայտարարության մեջ: