Իրանին ուղեւորատար օդանավեր վաճառելու Boeing Co եւ Airbus Group ընկերությունների լիցենզիաները հետ կկանչվեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ այս լիցենզիաներն անվավեր կճանաչվեն: Նոր պատժամիջոցներով մի քանի բացառություններ են նախատեսվում, Մնուչինը չի հայտնել, թե որ ապրանքներն են հավակնում պատժամիջոցներից ազատվել:

Նա նշել է, որ պատժամիջոցներով կտրուկ կնվազեցվի նաեւ Իրանի կողմից նավթի վաճառքը, որը ներկայումս աշխարհում մեծությամբ 5-րդ նավթարտադրողն է: Նա նշել է, որ չի սպասում նավթի գնի կտրուկ աճ՝ կանխատեսելով, որ մյուս արտադրողները արտադրությունը կմեծացնեն: