Չի կարելի իրանական միջուկային համաձայնագիրը «մահացած» համարել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ հայտնելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է զրուցել իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ՝ կապված համաձայնագրից դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի որոշման հետ:
«Գործարքը չի մահացել: ԱՄՆ-ն համաձայնագրից դուրս է եկել, սակայն այն դեռեւս գոյություն ունի»,- ասել է ֆրանսիացի նախարարը RTL ռադիոկայանի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան, ինչպես եւ մյուսները, հրաշալի հասկանում են, որ մտավախություններ կան, օրինակ, Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի հետ կապված հարցերի առումով, սակայն այս հարցերը կարող են լուծվել առանց միջուկային համաձայնագրից հրաժարվելու: Նա հայտնել է, որ բացի Մակրոնի եւ Ռոհանիի շփումներից, նախատեսված են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի գործընկերների հետ իրանական պատվիրակության հանդիպումներ:
«Այո՛, առճակատման իրական վտանգ կա»,- ասել է Լե Դրիանը՝ մեկնաբանելով Թրամփի որոշումը: «Հույս ունեմ, որ դա խաղաղության համար խոչընդոտ չի լինի»,- հավելել է նա:





























