Վրացական եւ ամերիկյան կողմերն ընդլայնված ձեւաչափով հանդիպման են պատրաստվում։

Հանդիպման որոշումը կայացվել է անցած շաբաթ Վաշինգթոնում Վրաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպման ժամանակ։ «Նեկայումս ընդլայնված ձեւաչափով հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Ավելի ուշ պարզ կդառնա, թե որտեղ եւ երբ կկայանա այդ հանդիպումը»,- հունվարի 18-ին հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն։

Նա ընդգծել է, որ երկու նախագահները խոսել են անվտանգության, տնտեսական եւ առեւտրային  հարաբերությունների, ինչպես նաեւ Աֆղանստանոմ խաղաղարար առաքելության հարցերի շուրջ։  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Կոմերսանտ» թերթի տվյալներով, 25 րոպե տեւողությամբ հանդիպման  ժամանակ նախագահները քննարկել են ոչ միայն Վրաստանի տնտեսական զարգացման եւ աֆղանական թեմաները, այլ նաեւ Թբիլիսիին զինամթերք մատակարարելու վերկանգնման հարցը։

Ինչպես հայտնում է թերթը, Սպիտակ տանը ներկայացրած իր զեկույցում Սահակաշվիլին հիմնավորել է Թբիլիսիին հակաօդային եւ հակատանկային  պաշտպանական միջոցներ տրամադրելու անհրաժեշտությունը։ Թբիլիսին խնդրել է մատակարարել Patriot-3 տիպի զենիթահրթիռային համակարգ, շարժական ЗРК Stinger, ինչպես նաեւ Javelin եւ Hellfire-2 հակատանկային համակարգեր։ Այս փաստը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել։

Պենտագոնը հերքել է վրաց-ամերիկյան այս գործարքի մասին հաղորդագրությունը։