Ֆրանսիան եւ իր եվրոպացի դաշնակիցները առավելագույն ջանքեր կներդնեն Իրանում իրենց բիզնես շահերի պաշտպանության համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակում աղբյուրին:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել է, որ մտադիր է հանդիպել Իրանում աշխատող ֆրանսիական ընկերությունների հետ: «Ակնհայտ է, որ մենք հնարավոր ամեն ինչ կանենք մեր շահերի պաշտպանության համար»,- ասել է աղբյուրը:

2017 թվականին Իրան ֆրանսիական արտահանումն աճել է մինչեւ 1,5 մլրդ եվրո: Երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն անցյալ տարի հասել է իննամյա առավելագույնին՝ 3,8 մլրդ եվրոյի:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: Նա Իրանին մեղադրել էր ԳՀՀԾ շրջանակում պարտավորությունները չկատարելու, ինչպես նաեւ ահաբեկչությանն աջակցելու ու տարածաշրջանն ապակայունացնելու մեջ: Թրամփն այս կապակցությամբ հանձնարարել է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները վերականգնել: