Մենք ԱԺ-ում փոքրամասնության կառավարություն ենք, բայց խորհրդարանից դուրս մեծամասնության կառավարություն ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանի ԱԺ-ում մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ «եթե մի նժարին դնենք մեր ունեցած մեծամասնությունը, մյուսին՝ մեր չունեցած մեծամասնությունը, մեր ունեցածը տասնյակ անգամ կգերազանցի: Մենք շարունակելու ենք լինել ժողովրդի մեծամասնության կառավարություն»:
Դիտարկմանը, թե իր վարչապետ ընտրության ժամանակ ՀՀԿ-ից իր օգտին քվեարկեցին հիմնականում օլիգարխները, դա չի՞ կաշկանդի իրեն, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Դե ֆակտո ինձ վարչապետ ընտրել է Հայաստանի ժողովուրդը: Հետեւաբար ԱԺ-ում որեւէ իրադարձություն ինձ չի կարող կաշկանդել»:
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այսօր հաստատված է սուպերվարչապետական համակարգ. «Հրապարակային պարտավորվել եմ, մեր կառավարությունը միջոցներ կձեռնարկի, որպեսզի որոշակի իշխանության բալանսավորում տեղի ունենա նախագահի, վարչապետի, կառավարության, ԱԺ-ի միջեւ եւ ըստ պատեհության անդրադարձ կլինի նաեւ ձեր նշած հարցին»:











