Մոլորակի տնտեսական ժանդարմի դեր կատարելու ԱՄՆ-ի փորձը՝ այլ պետությունների դեմ միակողմանիորեն պատժամիջոցներ օգտագործելով, ինչը երրորդ երկրների շահերի վրա է ազդում, անընդունելի իրավիճակ է ստեղծում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը` մեկնաբանելով Իրանի միջուկային գործարքից Վաշինգթոնի դուրս գալու եւ Թեհրանին դդեմ պատժամիջոցները վերսկսելու որոշումը, հաղորդում է ՏԱՍՍ- ը:
«Այս պատժամիջոցները արտատարածքային են կոչվում եւ այսպիսով ուղղակիորեն ազդում են մի շարք ֆրանսիական եւ եվրոպական ընկերությունների վրա: Սա Միացյալ Նահանգներին մոլորակի տնտեսական ժանդարմի է վերածում եւ ես կարծում եմ, որ դա անընդունելի իրավիճակ է», - France Culture ռադիոյի եթերում ասել է նախարարը:
Լե Մերի կարծիքով Թրամփի որոշումը արմատապես սխալ էր:
«Դա սխալ է տարածաշրջանային կայունության, միջազգային անվտանգության համար եւ տնտեսական տեսանկյունից»:
Լե Մերն ընդգծել է, որ Ֆրանսիայի համար Իրանի դեմ պատժամիջոցների վերսկումը տնտեսական տեսանկյունից բավական նշանակալի կլինի:
«Դա եւ Total-ի ներդրումներն են, կա նաեւ Sanofi-ն, Renault-ն եւ Peugeot-ն, Airbus-ը: Հիշեցնեմ, որ 2 տարվա ընթացքում Ֆրանսիան 3 անգամ ավելացրել է Իրանի հետ դրական սալդոն», - նշել է նա:





























