Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի գործողությունները դեռեւս ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Թրամփն, ըստ փորձագետի, վարվել է «հանդուգն դպրոցականի» նման: «Կարծում եմ Թրամփը բավականաչափ քաղաքական կամք կունենա, եւ Իրանի նման երկրին ԱՄՆ-ի դեմ չի հանի: Սա տարածաշրջանում կայունությանը չի նպաստի: Անգամ հակառակը», - բացատրել է իրանագետը:
Բացի այդ, նա նշել է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի շահերը բախվել են նաեւ Մերձավոր Արեւելքում, հատկապես Սիրիայում եւ Իրաքում, սակայն նրանք միշտ կարողացել են համաձայնության գալ, նստել բանակցային սեղանի շուրջ եւ, ի վերջո, իրավիճակը ծայրահեղ կետի չհասցնել:
Թրամփի գործողությունները փորձագետը գնահատել է որպես նրա կոշտ քաղաքականության եւս մեկ դրսեւորում, որի օգնությամբ նա փորձում է միջազգային հանրության առջեւ իր կարողությունները ցուցադրել:
«Սակայն Հայաստանի համար իրավիճակի հետագա սրումը կարող է չափազանց անցանկալի եւ վտանգավոր լինել, քանի որ մենք նույն տարածաշրջանում ենք եւ գաղտնիք չէ, որ հենց Հայաստանում է, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Իրանի շահերը մշտապես բախվում են: Այստեղ միշտ տարբեր գործընթացներ կան, որոնք հանգեցնում են այդ ուժերի շահերի բախմանը», - ասել է արեւելագետը: Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ առաջիկա օրերին այդ հարցը դրական լուծում կստանա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցները վերսկսելու մասին: Ի պատասխան, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել էր, որ Թեհրանը կշարունակի իրականացնել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ համաձայնագիրը` առանց ԱՄՆ-ի մասնակցության:





























