ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ Շուշիում այսօր` մայիսի 9-ին, տեղի է ունեցել հայկական դրամի թանգարանի բացման հանդիսավոր արարողություն:
«Արցախպրեսի» փոխանցմամբ, թանգարանի հանդիսավոր բացմանը մասնակցող ԱՀ նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել են ցուցադրված նմուշներին:
Շուշիի դրամի թանգարանում ցուցադրության է դրված հին հայկական՝ Ծոփքի հայոց թագավորության, Արտաշեսյան տոհմի՝ Տիգրան Մեծի, Արտավազդ 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ ժամանակաշրջանների մետաղադրամներ ու թղթադրամներ:
Թանգարանում առանձնահատուկ տեղ է հատկացված Արցախին նվիրված ցուցադրությանը, որում ներկայացված են Տիգրանակերտ քաղաքից հայտնաբերված մետաղադրամներ, Շուշի քաղաքում 18-րդ դարի վերջին եւ 19-րդ դարի սկզբին գործած դրամահատարանում հատված արծաթե մետաղադրամներ, ինչպես նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տարբեր տարիների թողարկված հուշադրամներ՝ նվիրված Արցախին:






























