Հունվարի 18-ի երեկոյան Աթենքում ի պատիվ Հայաստանի նախագահի եւ նրա տիկնոջ տրված պետական ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը բաժակաճառ է ասել:

Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հայ-հունական ձեւավորված փոխադարձ համակրանքն ու բարեկամությունը վերածվել են իսկական եղբայրության: Դա հատկապես դրսեւորվեց անցյալ դարասկզբին, երբ Հունաստանն իր հյուրընկալ հողում ապաստանեց 1909թ. Ադանայի կոտորածներից, 1915թ. Հայոց ցեղասպանությունից եւ 1922թ. Զմյուռնիայի ջարդերից փրկված տասնյակ հազարավոր հայերի: Նրանց ժառանգներն ապահով ապրում են այստեղ, հունական հյուրընկալ հողում, եւ իրենց աշխատանքով հարստացնում ձեր երկիրը՝ միաժամանակ յուրատեսակ կամուրջ ծառայելով Հունաստանի եւ Հայաստանի միջեւ:

Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների հարաբերություններն անցան նոր մակարդակ: Մենք սերտ համագործակցություն ենք ծավալում բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային եւ ապակենտրոնացված մակարդակով։

Մենք կիսում ենք համամարդկային միեւնույն արժեքները` ձգտելով միջազգային անվտանգության ու խաղաղության, հավատալով հանդուրժողականության ուժին։

Եվրոպական այդ արժեքների մասին մտորումներն ակամայից տանում են դեպի հին Հունաստան, որտեղ ծագել է այդ արժեքների հիմքը հանդիսացող «դեմոկրատիա» երեւույթը եւ բառն ինքնին։

Տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանն ու Հունաստանը բարեփոխում եւ զարգացնում են իրենց տնտեսական համակարգերը, միասնաբար աշխատում եվրոպական մայրցամաքում անվտանգության ամրապնդման, խաղաղության ու բարգավաճման գոտի ստեղծելու ուղղությամբ:  

Որպես ԵՄ անդամ, Հունաստանը ակտիվորեն մասնակցում է Արեւելյան Գործընկերության նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը:

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ փոխգործակցությունը խթանելու հարցում, իհարկե, ակնկալում ենք բարեկամ Հունաստանի աջակցությունը:

Հունաստանը Հայաստանի ավանդական բարեկամներից է։ Տեւական եւ ամուր հարաբերությունները չեն կարող կառուցվել այսպահային շահերի վրա։ Առանց արժեքների ընդհանրության, միեւնույն գաղափարներին հավատարմության՝ դժվար է պատկերացնել վստահելի համագործակցություն:

Հարգարժա՛ն տիկնայք եւ պարոնայք,

Թույլ տվեք բաժակ բարձրացնել`

ի պատիվ Հունաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Կարոլոս Պապուլիասի, ի բարօրություն Հունաստանի Հանրապետության եւ հույն ժողովրդի, եւ ի փառս հայ-հունական հարատեւ բարեկամության»: