Մանչեսթերի համալսարանի գիտնականները գիշատիչ սարդին սովորեցրել են տարբեր հեռավորությունների եւ բարձրությունների վրա ցատկել, որպեսզի ուսումնասիրեն նրա շարժման առանձնահատկությունները եւ դրանք հետագայում օգտագործեն միկրոռոբոտների զարգացման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բրիտանացի գիտնականների համար ուսումնասիրման օբյեկտ է դարձել Կիմ անունով սարդը՝ ցատկող սարդերի տեսակից (Phidippus regius): Սարդին լաբորատոր պայմաններում սովորեցրել են արհեստական հարթակից ցատկել: Շարժումների տեսագրման ժամանակ օգտագործվել է ժամանակակից տեխնիկա, 3D սկաներ եւ բարձր արագություն ունեցող տեսախցիկներ:
«Ուսումնասիրության նպատակը հետեւյալ հարցին պատասխանելն է՝ ինչու է սարդի անատոմիան եւ վարքագիծը էվոլյուցիա ապրել նման կերպով: Եվ երկրորդ՝ սարդերի մասին այս գիտելիքներն օգտագործել նոր դասի ճկուն միկրոռոբոտների նախագծման համար», — նշվում է համալսարանի կայքում:
Ուսումնասիրության ղեկավար Մոսթաֆա Նաբավին նշել է, որ Կիմը կարող է իր մարմնի երկարությունը 6 անգամ գերազանցող բարձրության վրա ցատկել, իսկ մարդը միայն իր մարմնի երկարութունից 1.5 անգամ բարձր կարող է ցատկել:




























