Ադրբեջանն առաջիկայում փորձելու է ուժգնացնել իր միլիտարիզացիան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Ես այնքան էլ վստահ չեմ, որ տվյալ պահին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունն իրատեսական է: Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը գործիք է, եւ շատ գործուն գործիք ներքաղաքական լսարանի համար: Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն հաշվարկել է, որ այսպես կոչված «ռազմական շանտաժը» կարող է լուրջ դեր խաղալ, ազդել դիրքորոշումների վրա, ինչպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ միջազգային հանրության»,- ասել է նա:

Նրա խոսքով, տարածաշրջանում ռազմական եւ ռազմաքաղաքական հավասարակշռության փոփոխության նախադրյալներ չկան:

Քաղաքագետը նշել է նաեւ, որ Ադրբեջանը հայտարարում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին եւ, հետեւաբար զարգացնում է հարձակողական սպառազինությունները, իսկ Հայաստանը, ում իրերի ներկայիս դրությունը քիչ թե շատ բավարարում է, զարգացնում է պաշտպանողական սպառազինությունները:

Նշենք, որ Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով, 2010թ. ռազմական ծախսերի համար հատկացվել է 2,75 միլիարդ դոլար, ինչը 35 տոկոսով գերազանցում է 2009-ի ծախսերը: