Իսրայելական ավիացիան ի պատասխան գիշերային հրթիռակոծության Սիրիայում հարձակվել է Իրանի տասնյակ օբյեկտների եւ ՀՕՊ մարտկոցների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության բանակին: Ռազմական ամփոփագրում նշված է, որ թիրախները պատկանել են իրանական «Ալ Ղուդս» կազմավորմանը:

Հարձակման ենթարկված օբյեկտների թվում են Դամասկոսից հյուսիս գտնվող իրանական ռազմական ճամբարը, մայրաքաղաքի օդանավակայանում գտնվող զենքի պահոստները, հսկիչ կետերը, ինչպես նաեւ «Ալ Ղուդսի» սահմանի մոտ գտնվող  այլ դիրքեր ու սպառազինություն:

«Ոչնչացվել է նաեւ ավտոմեքենան, որի վրայից կատարվել էր Իսրայելին ուղղված հրթիռների արձակումը»,- հայտարարել են զինվորականները՝ հավելելով, որ իրանական ուժերը Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի առաջավոր դիրքերը գնդակոծելու համար օգտագործել են «Գրադ» եւ «Ֆաջր-5» տեսակի ռեակտիվ արկեր:

Հարձակման են ենթարկվել նաեւ մի քանի զենիթահրթիռային կայանքներ: Սիրիացի զենիթայիններն անտեսում էին գործողությանը չխանգարելու կոչերը, եւ ի պատասխան ցամաքից կրակին՝ ավիացիան հարվածներ է հասցրել մի քանի՝ SA-5, SA-2, SA-22 եւ SA-17 տեսակի համալիրներին:

Բանակից նշել են, որ վերջին տարիներին ամենամասշտաբային գործողություններից մեկին մասնակցած բոլոր օդանավերը բարեհաջող վերադարձել են իրենց բազաներ, իսկ հրթիռային հարվածը, որը այն հրահրել էր, նույնպես իսրայելական կողմի համար առանց կորուստների է եղել: Գիշերը արձակված հրթիռներից ոչ մեկը չի ընկել Իսրայելի կողմից վերահսկվող տարածքի վրա, հստակեցրել են զինվորականները:

Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ Սիրիային ավիահարավծներից առաջ իշխանություններն այդ մասին իրազեկել են Ռուսաստանին:

Բանակից շեշտել են, որ Իսրայելը շահագրգռված չէ Իրանի հետ հակամարտության թեժացմամբ եւ Թեհրանին կոչ են արել նոր հարձակումներից զերծ մնալ: