Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը հույս ունի նվազագույնի հասցնել Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու տնտեսական հետեւանքները: Խոսքը վնասի սահմանափակման մասին է, հայտարարել է Ալթմայերը: Նա պատրաստվում է համաձայնագրի ապագան քննարկել Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի իր գործընկերների հետ, փոխանցում է DW-ն:

Գերմանացի նախարարը նշել է, որ մտադիր է նաեւ երկխոսություն սկսել Իրանում գործող գերմանական ընկերությունների հետ՝ աշխատատեղերի պահպանման նպատակով միջոցառումներ ձեռնարկելու համար: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունից հայտարարել են, որ ընկերություններին փոխհատուցելու հարցը, եթե պատժամիջոցները նրանց առնչվեն, կքննարկվի ԵՄ մակարդակով:

Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել մասին ԱՄՆ նախագահի խոստումից հետո Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը Գերմանիային կոչ էր արել Իրանի հետ համագործակցությունն «անհապաղ» դադարեցնել: Դեսպանի կոչը հարուցել էր գերմանական բիզնեսի ներկայացուցիչների խիստ քննադատությունը: