Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) պետք է Իրանի համար առավելություններ ապահովի: Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է ԻՌՆԱ-ն

Իրանի նախագահը դատապարտել է Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը եւ ընդգծել. «Իրանը ԳՀՀԾ շրջանակում իր պարտավորություններին հետեւում է ամբողջական ծավալով եւ շարունակում է իր ազգային շահերի ապահովումը»:

«Չնայած Թրամփի պատկերացումներին, Իրանում ուրանի հարստացումը երբեք ուղղված չի եղել միջուկային զենքի ստեղծմանը, քանի որ այդ գիտական եւ տեխնիկական ջանքերը ազգային հպարտության եւ Իրանի ժողովրդի պահանջների ամրապնդման նպատակ են ունեցել»,- պարզաբանել է Ռոհանին: Նա նշել է Իրանի եւ Եվրաեռյակի ԱԳ նախարարների առաջիկա ինտենսիվ բանակցությունների մասին՝ հայտարարելով. «Իրանի առավելությունները պետք է պետք է հստակ եւ որոշակիորեն ապահովվեն ըստ առանցքային պահերի, այդ թվում՝ նավթի վաճառքի, բանկային հարաբերությունների, ներդրումների եւ ապահովագրության առումով»: Նրա խոսքով՝ եթե կարճ ժամանակահատվածում ԳՀՀԾ-ով որոշակի արդյունքներ ձեռք բերեն, Իրանի եւ Եվրոպայի միջեւ փոխգործակցությունը հնարավոր է զգալիորեն ընդլայնել:

Ֆրանսիայի նախագահն, իր հերթին, ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախագահի՝ Իրանի հետ համաձայնագրից դուրս գալու կապակցությամբ եւ Ռոհանիին հավաստիացրել, որ Փարիզը կշարունակի հետեւել Իրանի համաձայնագրին: Նա հիշեցրել է, որ Եվրոպան բոլոր ջանքերը ներդնում է միջազգային համաձայնագրի պահպանման համար: Մակրոնը նշել է, որ Իրանի եւ Եվրոպայի բազմակողմանի համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը: