Telegram մեսենջերը ստեղծել է բլոքչեյն հարթակի առաջին ծառայությունը՝ Telegram Open Network (TON) եւ այն փակ ռեժիմով թեստավորում է, հայտնում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով 2 իրազեկված աղբյուրի:
Telegram Passport կոչվող ծառայությունը թույլ կտա նույնականացնել մեսենջերի օգտատիրոջը: Պարբերականի զրուցակիցներից մեկն ասել է, թե ենթադրվում է, որ օգտատերը բոլոր անհրաժեշտ տվյալները մեկ անգամ կբեռնի, որից հետո Telegram-ի միջոցով կկարողանա ակնթարթորեն փոխանցել իր գործընկեր ծառայություններին եւ նրանց ծառայություններից օգտվել ինչպես Telegram-ի մեջ, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Telegram-ին փոխանցված անհատական տվյալներին եւ փաստաթղթերի պատճեններին հասանելիություն ունի միայն օգտատերը, որն այն գաղտնագրում է իր երկկողմանի աուտոնույնականացման գաղտնագրով, մեսենջերն ինքն էլ դրանց հասանելիություն չի ունենա, պարզաբանել է Telegram-ին մոտ աղբյուրը:
«Վեդոմոստիի» աղբյուրների խոսքով՝ Telegram Passport-ը կարող է գործարկվել արդեն ամռան սկզբին: Ծրագրվում է, որ այդ պահին նոր ծառայության միջոցով հնարավոր կլինի օգտվել մեսենջերի մի քանի գործընկերների ծառայություններից: Պարբերականի զրուցակիցները չեն բացահայտել, թե կոնկրետ ում հետ են բանակցություններ վարվում:
Պարբերականի տեղեկություններով՝ Telegram-ի հետ համատեղ գործարկման հնարավորությունը դիտարկում է Qiwi վճարման համակարգը, որի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են այս տեղեկությունը մեկնաբանել: Պարբերականին չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ նաեւ Telegram-ից:





























