ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանում 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է վերջինիս եղբայրը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. մայիսի 9-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի հարակից այգում հայտնաբերվել է 1956թ. ծնված Ա.Ասոյանի դիակը՝ գլխի գագաթային-ծոծրակային, ձախ քունքային շրջանների եւ ստորին վերջույթների բազմաթիվ կտրած-պատռված վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի եղբայրը՝ ծնված 1966թ.: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տուժողին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են կացնով հարվածներ հասցնելու հետեւանքով:

1966թ. ծնված տղամարդը ձերբակալվել է: Հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող կացինը:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: