Սոցիալական հարցումները, որոնք անցկացվել են հոկտեմբերի 20-24-ին՝ 1650 հարցվածների շրջանում, «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանին հիմք են տալիս կարծելու, որ Հայաստանի բնակչության գերակշիռ մասը վստահում է գործող իշխանություններին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ինքը՝ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցումների արդյունքում գերազանցում է բոլոր կետերով, մասնավորապես հենց նրանից է կախված երկրի տնտեսական իրավիճակը (35 տոկոս), նա Հայաստանի առավել ազդեցիկ դեմքն է (17 տոկոս): Երկրորդ տեղը, ըստ Ադիբեկյանի, բաժին է հասել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին (13 եւ 7,5 տոկոս համապատասխանաբար), ում հաջորդում է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հարցվածների 26,7 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքականապես ակտիվ բնակչության 65 տոկոսը իշխանական շրջանակներին ազդեցիկ է համարում, բայց վստահում է միայն 35 տոկոսը: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Ադիբեկյանի թվերով, նրան ազդեցիկ են համարում 8,3 տոկոսը, վստահում են միայն 11,5 տոկոսը:

«Սոցիոմետրը» ընդդիմության դերում հիմնականում դիտարկել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ում ազդեցիկ են համարում 4 տոկոսը, վստահում՝ 4,5 տոկոսը, նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ու ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին: