Մոսկվայում անհանգստացած են Իրանի եւ Իսրայելի միջեւ լարվածության սրմամբ եւ հույս են հայտնում, որ իրավիճակը կկարգավորվի քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք անշուշտ գիտենք, որ բավականին կոշտ հայտարարություններ են արվում, եւ, իհարկե, Մոսկվան մտահոգված է աճող լարվածությամբ եւ հուսով է, որ բոլոր կողմերը զսպվածություն կցուցաբերեն եւ առկա խնդիրները լուծելու համար կդիմեն բացառապես քաղաքական եւ դիվանագիտական միջոցների»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ անցյալ գիշեր հարվածներ է հասցրել Սիրիայում «Ալ-Քուդս» կազմավորմանը պատկանող տասնյակ ռազմական թիրախների ուղղությամբ: Իսրայելի բանակի խոսնակն հայտարարել էր, որ դա արվել է Սիրիայի տարածքում տեղակայված իրանական ուժերի կողմից հրթիռակոծմանն ի պատասխան:




























