ԵԱՀԿ առաքելությունն այսօր՝ հունվարի 19-ին պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արեւելք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի` նախօրոք փոխհամաձայնեցված կետ, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման առաքելությունը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը: Դիտարկման խմբում ընդգրկված են եղել նրա դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը, Վիլյամ Պրայորը եւ Ժասլան Նուրտազինը:

Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը եւ ԳՆԱՆ դաշտային օգնական Քրիստո Քրիստովը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: