Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիայի վրա գիշերային հարձակումները, խոստանալով, որ թույլ չի տա այնտեղ Իրանի զինված ուժերի ներկայությունը եւ համաշխարհային հանրությանը կոչ է արել համատեղ լուծել այս խնդիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելցիները հարեւան երկրում հարձակվել են մի քանի տասնյակ իրանական օբյեկտների վրա`պատասխանելով Գոլանի բարձունքներից իրենց դիրքերի վրա հրթիռային հարձակումներին:
«Իրանը հատել է կարմիր գիծը: Մեր պատասխանը համարժեք էր: Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիայում իրանական թիրախների դեմ զանգվածային հարձակում է կատարել», — ասել է նա:
«Մենք երկարատեւ արշավ ենք իրականացնում եւ մեր քաղաքականությունը հստակ է. Իրանին թույլ չտալ իր ռազմական ներկայությունը ամրապնդել Սիրիայում», — հավելել է նա:
Աշխարհը, ըստ նրա, պետք է խոչընդոտի Սիրիայում «Ալ Քուդս» ուժերի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներից մեկի տեղակայմանը, որին Իսրայելը մեղադրում է գիշերային գնդակոծության մեջ:
«Մենք պետք է միավորվենք, որպեսզի կտրենք այս չարիքի ձեռքերը», - ավելացրել է նա:





























