Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին մասնակցությունից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարման հետ կապված իրադրությունը: Կրեմլի կայքի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում ընդգծվել է, որ գործարքի պահպանումը սկզբունքային նշանակություն ունի միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ գլոբալ չտարածման ռեժիմի համար:

Զրուցակցները վերահաստատել են Ռուսաստանի եւ Թուրքիայի վճռական տրամադրվածությունը շարունակել հետագա համագործակցությունը գործողությունների ծրագրի այլ մասնակիցների հետ: Բացի այդ, անդրադարձ է եղել սիրիական կարգավորման եւ հիմնական երկկողմ նախագծերի իրականացման հարցերին: Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: