Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարում է, որ իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ որոշումը վիժեցնում է միջազգային կարգի հանդեպ վստահությունը: Այս մասին նա հայտարարել է Մյունստերում ընթացող կաթոլիկ համաժողովում ելույթ ունենալիս, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կանցլերի ելույթը հեռարձակվում է գերմանական հեռուստաալիքներով:

«Ես սխալ եմ համարում համաձայնագրի միակողմանի խզումը, որը համաձայնեցվել է, որը միաձայն հաստատվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից»,- կարծում է Գերմանիայի կանցլերը: ԱՄՆ որոշումը նա «անհանգստության եւ ափսոսանքի պատճառ» է որակել:

Մերկելը համաձայնել է, որ մի շարք թեմաներ, որոնց հետ Թեհրանը կապ ունի, մեծ տագնապ են հարուցում: Դրանց թվում նա նշել է երկրի բալիստիկ ծրագիրը, Իսրայելի հետ հարաբերությունները, Սիրիայում գործողությունները:

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգթոնի դուրս գալու մասին. գործարք, որը Թեհրանի միջուկային մշակումները սահմանափակում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցները եւ ժամանակին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած միակողմանի  սահմանափակող միջոցները հանելու դիմաց: Թրամփը խոստացել է վերադարձնել ոչ միայն հին պատժամիջոցները, այլեւ նորերը սահմանել: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդներ Թերեզա Մեյը, Անգելա Մերկելը եւ Էմանուել Մակրոնը գործարքի բոլոր մասնակիցներին կոչ են արել հետագայում եւս այն ամբողջությամբ կատարել, իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը ԳՀՀԾ-ից չի հրաժարվի եւ կշարունակի հետեւել իր պարտավորություններին: