Հետազոտողները պարզել են, որ էլեկտրոնային ձայնային օգնականներ Siri-ին, Alexa-ին եւ Google Assistant-ին կարելի է սմարթֆոնի տիրոջից աննկատ գաղտնի հրամաններ ուղարկել, հայտնում է New York Times-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Բերքլիի Քալիֆորնիական համալսարանի մի խումբ ուսանողներ մայիսին հետազոտություն են հրապարակել, որում նշված է, որ իրենք կարողացել են հրամանները ներդնել ուղղակիորեն երաժշտական ձայնագրության կամ բանավոր տեքստի մեջ: «Մինչ մարդը լսում է ինչ-որ մեկի խոսակցությունը կամ նվագախմբի կատարումը, Amazon-ից Echo սթարթ դինամիկը կարող է հրահանգներ լսել, որպեսզի ձեր շոփինգ թերթում ինչ-որ բան ավելացնի»,- նշում է պարբերականը:
«Մենք ցանկանում էինք տեսնել՝ կարող ենք դա ավելի գաղտնի անել»,- հայտարարել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Նիկոլաս Կարլինին, որն աշխատում է համակարգչային անվտանգության ոլորտում: Նրա խոսքով՝ այս տեխնոլոգիան դեռեւս լաբորատորիայի սահմաններից դուրս չի եկել, սակայն պահը, երբ այն կարող են օգտագործել չարամիտները, ընդամենը ժամանակի հարց է:
Պարբերականը հայտնում է, որ նման աուդիոհարձակումների ժամանակ օգտագործվում են մարդու եւ մեքենայի կողմից խոսքը տարբերակելու առանձնահատկությունները: Խոսքի տարբերակման համակարգերը յուրաքանչյուր հնչյունը տառի են վերածում, դրանցից բառեր եւ նախադասություններ են կազմում: «Աուդիոֆայլերը մի փոքր փոխելով՝ հետազոտողները կարողացել են հեռացնել մի հնչյունը եւ այն ուրիշով փոխարինել, որը մեքենայի կողմից այլ կերպ կվերծանվեր ու գործնականում մարդկային ականջի համար աննկատ կմնար»,- նշել է հոդվածի հեղինակը:
Պարբերականը նշում է, որ ընկերությունները ջանում են ապահովել իրենց ձայնային օգնականների անվտանգությունը՝ նվազեցնելով աուդիոհրամանների հանդեպ ընկալունակությունը եւ օգտագործելով գաջեթի տիրոջ ձայնի տարբերակման տեխնոլոգիան: Այդուհանդերձ, հիմա դեռեւս շատերն են իրենց սմաթֆոնները չարգելափակված պահում, եւ նման համակարգերին կարելի է խաբել:





























