Բոլոր այն հանրապետականները, որոնք կցանկանան աշխատել նոր կառավարության հետ, պետք է սառեցնեն իրենց անդամությունը։ Այդ մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
Նա նշել է, որ իրենք աջակցելու են այս կառավարությանը։ «Որովհետեւ այս կառավարության անհաջողությունը լինելու է բոլորիս անհաջողությունը, եւ պարտվողն էլ լինելու ենք բոլորս։ Որպես մեծ քաղաքական ուժ եւ խորհրդարանում մեծամասնություն ուենցող ընդդիմադիր ուժ, սրտանց մեր կարողությունները դնելու ենք կառավարության հաջողության համար»,- նշել է Եսայանը։
Նա նաեւ նշել է, թե անհիմն են խոսակցությունները ՀՀԿ պառակտման մասին։ «Որեւէ նման խոսակցություն չկա, կուսակցությունը միասնական է։ Որեւէ տարանջատում չկա»։
Այդուհանդերձ, ՀՀԿ-ն չի խոչընդոտի իր անդամներին, որոնք կցանկանան աշխատել այս կառավարության հետ։ «Բայց խնդիր դրվեց, որ սառեցվի նրանց անդամակցությունը»,- ասել է Եսայանը։ Նա նաեւ նշել է, թե ոչ մի դիմում չի եղել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ։











