SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող առաջին արագընթաց ստորգետնյա թունելի շինարարությունը ավարտվում է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես գործարարն իր Instagram-ում գրել է, այժմ շինարարները իշխանություններից սպասում են թունելը շահագործելու թույլտվությանը: Մի քանի ամսից այն փորձարկման ռեժիմում կսկսի աշխատել եւ սկզբնական շրջանում անվճար կլինի:

Մասկը նաեւ նշել է, որ թունելի օգտագործման ժամանակ առաջնահերթությունը տրվելու է հետիոտներին եւ հեծանվորդներին, իսկ ապագայում ուղեվարձը ավտոբուսի տոմսի արժեքից ավելի քիչ կլինի:

Լոս Անջելեսի մերձակայքում թունելի կառուցման մասին, որպես ավտոմեքենաների գերծանրաբեռնվածության դեմ պայքարի միջոցի, առաջին անգամ Մասկը խոսեց 2016-ի դեկտեմբերին: «Խցանումները ինձ խենթացնում են: Ես մտադիր եմ հորատման թունելների համար մեքենա կառուցել եւ պարզապես սկսել փորել», - Twitter- ում գրել էր նա: