ԱՄՆ-ն բոլոր պատասխանատու պետություններին կոչ է արել ճնշում գործադրել Իրանի վրա՝ տարածաշրջանում նրա գործողությունների, այդ թվում Իսրայելի դիրքերի վրա հրթիռային հարվածների եւ Եմենից Սաուդյան Արաբիայի դեմ «Անսար Ալլահ» (հուսիթներ) շարժման միջոցով հարվածի փորձի պատճառով: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս շաբաթ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրթիռներ է արձակել Իսրայելի քաղաքացիների ուղղությամբ, իսկ Եմենում Իրանի ուժերը Էր Ռիադի վրա բալիստիկ հրթիռ են գործարկել: Այս քայլերը եւս մեկ ապացույց են, որ Իրանի անպատասխանատու գործողությունները մեծ սպառնալիք են տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության համար: Ժամանակն է, որ պատասխանատու երկրները ճնշում գործադրեն Իրանի վրա այս վտանգավոր վարքը վերացնելու համար», - ասվում է փաստաթղթում:
Al Arabiya հեռուստաալիքը, մեջբերելով Սաուդյան Արաբիայի հայտարարությունները, ավելի վաղ հայտարարել էր, որ ուրբաթ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են հարեւան Եմենի տարածքից թագավորության ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը:





























