Մարդկանց առեւանգման մեջ մեղադրվող Մոսկվայի մարզի ՕՄՕՆ-ի նախկին հինգ աշխատակիցների գործով անցնում է Հայաստանի բնակիչ Հակոբ Մելիքսեթյանը, ով համարվում է առեւանգումներից մեկի պատվիրատուն։

Բացի այդ, կալանքի տակ են նաեւ հանցագործության մի քանի այլ ենթադրյալ պատվիրատուներ, որոնք նույնպես Հայաստանից են։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեին։  Մոտ ժամանակներս նախկին ՕՄՕՆ-ականներ Անդրեյ Դեմիդենկովը, Կոնստանտին Դոզորովը, Ալեքսանդր Մալիշեւը, Սերգեյ Կոպովը եւ Ալեքսեյ Կարմանովը կկանգնեն դատարանի առաջ։  Ալեքսանդր Մալիշեւը եւ մի հայաստանցի գործարք են կնքել նախաքննական մարմնի հետ եւ ցուցմունք են տվել գործով անցնող այլ անձանց դեմ։ 

«Ռոսբալտի» անանուն աղբյուրը հայտնել է, որ Մալիշեեւի եւ հայի ցուցմունքները նախաքննական մարմնի ունեցած միակ ապացույցն են։ Այդ պատճառով էլ, աղբյուրի պնդմամբ, գործը դատարանում փլվելու է։ Ըստ նախաքննական մարմնի վարկածի՝ Դեմիդենկովը, Մալիշեւը եւ Կոպովը զբաղվել են մարդկանց առեւանգումով այն ժամանակ, երբ եղել են ՕՄՕՆ-ի գործող աշխատակիցներ։ Իսկ Կարմանովը բանդայի մեջ մտնելու ժամանակ ոստիկանությունում այլեւս չի աշխատել։