Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը նախարար նշանակվելուց հետո խզել է բոլոր կապերը «Արտֆուդ» ընկերության հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին հրավիրած ասուլիսում հայտարարեց հենց ինքը՝ Ս. Կարապետյանը: Նա «Արտֆուդի» համասեփականատերերից մեկն է եւ եղել է  ընկերության նախագահն ու գործադիր տնօրենը։

Շատերը այն կարծիքին են, որ նախարար նշանակվելուց հետո Ս. Կարապետյանը նախապատվություն կտա «Արտֆուդին», որը Հայաստանում գյուղատնտեսական հումքի խոշորագույն վերամշակողներից է։

«Նախարար նշանակվելուց հետո «Արտֆուդի» կառավարման հարցերով այլեւս չեմ զբաղվում, բայց այդ կազմակերպությունը տարիների աշխատանքով ապացուցել է, որ կայացած կառույց է, ունի կարեւոր նշանակություն ողջ ոլորտի համար։ Իմ խնդիրն է, որ մյուս վերամշակող կազմակերպությունները աշխատեն նույն արդյունավետությամբ, ինչպես «Արտֆուդը»,- ասաց Ս. Կարապետյանը։