ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

ՀՀ նախագահի հրամանգրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Արտակ Զեյնալյանին նշանակել արդարադատության նախարար»:

Կենսագրական տվյալներ

Արտակ Զեյնալյանը ծնվել է 1969 թվականին, Երեւանում:

1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992 թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը:

2001 թվականին դարձել «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ եւ կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար:

Աշխատանքային գործունեություն

1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ նախարարի տեղակալի պաշտոնում:

2000-2001 թվականներին ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ:

2001 թվականից «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է:

2003 թվականից «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է:

2004 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին:

2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:

2010 թվականին դասավանդում է՝ ՀՀ Փաստաբանների դպրոցում եւ ՀՀ Փաստաբանների պալատում:

2011 թվականին դարձել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:

2016 թվականից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետեւանքով Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է:

Ամուսնացած է, ունի չորս զավակ եւ մեկ թոռ: