Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղար  Դավիթ Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ Իջեւանի զորամասի հրամանատար է նշանակվել 34-ամյա փոխգնդապետ Միհրան Մախսուդյանը:

Կարապետյանի խոսքով, Մախսուդյանը զինվորական ծառայության մեծ փորձ ունի: «Ծառայելով Հայաստանի զինված ուժերում 1993-ից՝ Մախսուդյանը տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել: Նա նաեւ կրթություն է ստացել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի ռազմակրթական հաստատություններում»,- պարզաբանել է Կարապետյանը:

Մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Իջեւանի զորամասում դժգոհ են Մախսուդյանի նշանակումից՝ իր երիտասարդության եւ «անփորձության» պատճառով, Կարապետյանը նշել է. «Հնարավոր է, որ այդ դժգոհությունը բխում է զորամասի հրամանատար դառնալու՝ որոշ սպաների ցանկությունից»:

Նշենք, որ ավելի վաղ զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր Սերգեյ Կարապետյանը, ով Ամանորի գիշերը ծեծի էր ենթարկել քաղաքացիական անձանց: Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել էր, իսկ հրամանատարին կալանավորել էին: