Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է տուգանքի վերաբերյալ բողոքը, որը ռուսաստանյան դատարանը նշանակել էր Telegram մեսենջերին ԱԴԾ-ին օգտատերերի նամակագրության ծածկագրման բանալիները չտրամադրելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Միջազգային իրավապաշտպան «Ագորա» խմբի փաստաբան Դամիր Գայնուտդինովը:
Նա նշել է, որ ՄԻԵԴ-ն իրազեկված էր դատարանի որոշման մասին, որով թույլ էր տրվել Telegram-ի արգելափակումը:
Ասոցիացիայի ղեկավար Պավել Չիկովը իր տելեգրամ ալիքում գրել է, թե բողոքի գրանցումը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը «սկզբունքորեն պատրաստ է գործը քննել»: Քանի որ Ստրասբուրգում հենց գրանցման փուլում է բողոքների մեծ մասը մերժվում:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսին Մոսկվայի Տագանսկի դատարանը բավարարել էր «Ռոսկոմնադզոր»-ի հայցը Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջերի արգելափակման մասին։ Սա կապված է մեսենջերի կողմից ծածկագրման բանալիները Անվտանգության դաշնային ծառայությանը տրամադրելուց հրաժարվելու հետ։ Մեսենջերի աշխատանքը սահմանփակելու փորձ կատարելիս «Ռոսկոմնադզոր»-ը արգելափակել է մոտ 20 մլն IP հասցեներ, այդ թվում՝ Google-ին եւ Amazon-ին պատկանող: Դրա պատճառով ռուսական շատ կայքեր ու ծառայություններ աշխատանքի խափանումներ են ունեցել: Առայժմ չի հաջողվել Ռուսաստանի տարածքում Telegram-ի աշխատանքն արգելափակել, որը ապրիլի կեսին մոտ 15 մլն օգտատեր ուներ:





























