Այսօր՝  հունվարի 19-ին ժամը 13:00-ի սահմաններում Երեւանի Նազարյան փողոցի 24 շենքի դիմաց միմյանց են բախվել երկու ավտոմեքենա:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երեւանի Կասյան-12 շենքի բնակիչ 33-ամյա Արկադի Վարդանի Գալստյանը վարելով «Մերսեդես» մակնիշի 50 ՕՕ 011 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է Երեւանի Նաիրի Զարյան 15 շենքի բնակիչ 49-ամյա Վլադիմիր Սերգեյի Բադիկյանի «ՎԱԶ-2109» մակնիշի 06 ՍՏ 259 համարանիշի ավտոմեքենային: Բադիկյանն աշխատում է «Ոսկե պատառաքաղ» ՍՊԸ-ում:

Բախման հետեւանքով, Բադիկյանի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Արաբկիր-23 փողոցի բնակչուհի 64-ամյա Ջուլիետտա Մկրտիչի Մելքոնյանին: Վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը: Վերջինս տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո  հանձնարարեց, որպեսզի ՃՈ աշխատակիցները մեքենաները տեղափոխեն տուգանային հրապարակ, իսկ ինքն էլ մեկնեց հիվանդանոց:

ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի