ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն, ով դեմ էր հանդես գալիս պարտադիր ավտոապահովագրությանը՝ ԱՊՊԱ-ին, իրեն պատկանող «Օպել վեկտրա» մակնիշի մեքենան ապահովագրել է «Սիլ Ինշուրանս» ապահովագրական կազմակերպությունում։

Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» խմբակցությունը դեմ էր պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքին եւ այդ օրենքի դեմ ժամանակ առաջ բողոքի ակցիա էր կազմակերպել։ Ակցիային միացել էին ԱՊՊԱ-ի դեմ բողոքող բազմահազար քաղաքացիներ։

Հարցին, թե ինչո՞ւ է ապահովագրել իր մեքենան, եթե դեմ  է պարտադիր ավտոապահովագրությանը,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Մարտրոսյանն ասաց. «Ես ապահովագրել եմ, քանի որ օրենքը գրված է իրականացնելու համար, որքան էլ ես դեմ լինեմ այդ օրենքին եւ պայքարեմ դրա դեմ»։

Հայաստանում գործող 8 ապահովագրական ընկերություններից Արմեն Մարտիրոսյանը նախապատվությունը տվել է հատկապես «Սիլ Ինշուրնսին»՝ նրա ղեկավարների ընդդիմադիր հայացքների պատճառով։ («Սիլ Ինշուրանսը» պատկանում է ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիր Սուքիասյան ընտանիքին)։

Հետաքրքիր էր իմանալ նաեւ՝ արդյոք խմբակցության մյուս անդամները նո՞ւյնպես ապահովագրել են իրենց պատկանող ավտոմեքենաները։ Պարզվեց՝ ոչ,  քանի որ խմբակցության անդամները, բացի Անահիտ Բախշյանից, չունեն ավտոմեքենա։ Անահիտ Բախշյանն, ի դեպ, բացակայում է հանրապետությունից, հետեւապես չկարողացանք պարզել՝ նա ապահովագրե՞լ է իր մեքենան, թե՝ ոչ։