Սամարայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի 19-ամյա ուսանող Արմեն Սահակյան սպանության քրեական գործով առայժմ որեւէ վկա չկա:

Հունվարի 16-ին քրեական գործ է հարուցվել սպանություն հոդվածով:

Սամարայի բլոգոսֆերայում կարծիքներ են հնչել, որ ողբերգությունը տեղի է ունեցել ազգային հողի վրա, սակայն իրավապահները այլ վարկած են առաջ մղում:

«Հավաքված նյութերի հիման վրա ես դեռ այլատյացության հիմքեր չեմ տեսնում»,- ասել է Սամարայի ոստիկանապետ Յուրի Ստերլիկովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունվարի 15-ին, երբ ամբողջ Ռուսաստանում ակցիաներ էին ընթանում ի հիշատակ հյուսիսկովկասցիների կողմից սպանված «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի, Սամարայում մեկ այլ սպանություն է կատարվել։

Անհայտ հանցագործի զոհ է դարձել Սամարայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի 19-ամյա ուսանող Արմեն Սահակյանը։ Չարագործը դանակով հարվածել է Արմենի կրծքավանդակին, ինչից հետո փախուստի է դիմել։ Արմենն ինքն է կանգնեցրել պատահական մի ավտոմեքենա, որպեսզի հասնի հիվանդանոց, սակայն հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», քննարկվում են բոլոր տարբերակները՝ ամենապարզունակից մինչեւ մահացածի անձնական կոնֆլիկտները։ «Առայժմ հանցագործությունը բացահայտված չէ»,- ասել են թերթին։

Արմենն ուղղակի չի հասցրել խուսափել իր վրա հարձակվողներից: Անհայտ անձինք հարձակվել են հետեւից եւ տապալել գետնին: Փողերին ձեռք չեն տվել, հեռախոսը չեն վերցրել: Արյունաքամ լինող Արմենն մի կերպ ոտքի է կանգնել եւ վազել դեպի փողոց՝ տաքսի կանգնեցնելու համար, սակայն ոչ մի վարորդ չի ցանկացել իր մեքենան նստեցնել վիրավոր տղային, այն էլ ոչ ռուսի: Ամեն դեպքում մի տաքսիստ խղճացել է արնաքամ լինող հային եւ տեղափոխել հիվանդանոց, սակայն արդեն ուշ է եղել: Արմենը մահացել է հենց մեքենայի մեջ:

 Ինչպես հաղորդում է «Նովոստի Տոլյատիի»-ն, Վլադիսլավ Վոլկովի բլոգում տեղադրված է Սամարայի պետական համալսարանի դասախոս Վիկտոր Պոլյանսկիի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը: Նրա հետ զրուցել է տեղի հեռուստաալիքներից մեկի թղթակիցը, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ տեսանյութը թույլ չեն տվել եթեր հեռարձակել: Ինչպես գրել է մեկնաբաններից մեկը, «վերեւից թույլ չեն տվել»: Հարցազրույցի տեսանյութը տեղադրվել է YouTube-ում: