Թուրքիա մեկնող հայ առեւտրականների Ստամբուլում եւ Երեւանում անցկացրած բողոքի ակցիաների հետ կապված, որտեղ նրանք բողոքում են Հայաստան ներկրվող ապրանքների գները կրկնակի բարձրացնելու դեմ, Պետեկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ: ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես, ասվում է.
«Հայ առեւտրականների` այսօր իրականացրած բողոքի ակցիայի հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ ներկրվող հագուստից գանձվող մաքսատուրքի դրույքաչափի որեւէ փոփոխություն չի եղել: Հագուստի «կիլոգրամի կրկնակի թանկացման» շուրջ խոսակցությունները վերաբերում են տրանսպորտային ծախսերին, ինչը Պետական եկամուտների կոմիտեի իրավասության շրջանակներում չէ, այդ հարցերը հարկավոր է ճշտել բեռնափոխադրում իրականացնող կազմակերպություններից: Ավելին, հիշեցնենք, որ հագուստի մաքսային արժեքը երբեք ըստ կիլոգրամի չի հաշվարկվել, այլ ապրանքը գնահատվել է`ելնելով տեսակից, քանակից, որակից, ապրանքային նշանից, ծագման երկրից եւ համապատասխան այլ չափանիշներից: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե «Ստամբուլից Երևան ուղարկվող բեռի տրանսպորտային ծախսի մեջ 97 տոկոսից ավելին կազմում են մաքսազերծման ծախսերը», ապա հարկ ենք համարում տեղեկացնել, որ ապրանքի մաքսային արժեքից գանձվող մաքսատուրքի և ԱԱՀ-ի առավելագույն դրույքաչափը 32 տոկոսն է, ավելին, որոշ ապրանքների դեպքում այն կազմում է միայն 22 տոկոս (այսինքն` գանձվում է միայն ԱԱՀ)»:
Նշենք, որ Թուրքիայից ապրանք ներկրող առեւտրականները բողոքում են, որ բեռնափոխադրող ընկերությունները ապրանքի փոխադրման համար կրկնակի գումար են պահանջում, իսկ բեռնափոխադրողները դա բացատրում են Հայաստանի մաքսային սահմանում մաքսազերծման սակագների թանկացմամբ։
Թուրքիա մեկնող հայ առեւտրականները, հնարավոր է, վաղը՝ բողոքի ակցիա անցկացնեն արդեն Կառավարության շենքի մոտ։




























