ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն այսօր՝ հունվարի 19-ին հանդիպումներ է ունեցել Հայաստանի խորհրդարանականների հետ, որտեղ խոսել է մարտի 1-ի դեպքերին հետեւած  զարգացումներ, լրատվամիջոցների գործունեության ազատության եւ բանակում մարդու իրավունքներին առնչվող հարցերի մասին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը նշել է, որ ընդդիմության որոշ հատված շահարկում է մարտի 1-2-ի դեպքերը, մինչդեռ կոալիցիան հարցը դիտարկում է իրավական հարթության մեջ: Նա իրավական ու օրենքներից բխող է գնահատել թե մարտյան իրադարձություններին հետեւած ձերբակալությունները, եւ թե ձերբակալվածների զգալի մասին ազատ արձակելը` համաներման եւ օրենսդրական այլ գործիքների միջոցով: 

Համարբերգը հանդիպել է նաեւ ՀՅԴ խմբակցության անդամների հետ, որտեղ անդրադարձել է  «մարտի 1-ի» ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին, խոսքի ազատությանը, ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլ հարցերի: Մարտիմեկյան դեպքերի հետագա մոնիտորինգի իրականացման համար ՀՅԴ-ն առաջարկել է ստեղծել առանձին վերահսկող հանձնաժողով, բայց  խորհրդարանը որոշել է այդ գործառույթը վերապահել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ուժեղացման տեսանկյունից ՀՅԴ-ն պատրաստ է առաջարկներ ներկայացնել` զինված ուժերում ստեղծված իրադրությունը բարելավելու համար:

Նույն օրը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը  հանդիպել է «Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանին եւ Արմեն Մարտիրոսյանին:

Խմբակցության անդամները ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի խնդրանքով անդրադարձել են  2008 թվականի  մարտի 1-2-ին տեղի ունեցած  իրադարձություններին, դրանց հաջորդած  դատավարություններին    եւ ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներին:

Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը իրենց տեսակետներն են  ներկայացրել նաեւ խոսքի ազատության,  ՀՌԱՀ-ի գործունեությանը  եւ    ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ:

Տիկին Փոստանջյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի ուշադրությունն է հրավիրել  նաեւ բնապահպանական խնդիրներին:

Նշենք, որ ԱԺ հաղորդագրության մեջ որեւէ կերպ չի նշվում, թե վերը նշված խնդիրների հետ կապված ինչ տեսակետներ է հայտնել Թոմաս Համարբերգը: