Պետական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 19-ին հանդիպում է ունեցել Աթենքի եւ Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս, Հունաստանի ինքնիշխան ուղղափառ եկեղեցու առաջնորդ Հիերոնիմոս II-ի հետ եւ նրան փոխանցել Հայաստան այցելելու Գարեգին II­ի հրավերը:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-հունական դարավոր բարեկամության ամենակենսունակ հիմքերից մեկը երկու եկեղեցիների փոխհարաբերություններն են:

«Աշխարհը զարգանում է, ժամանակները փոխվում են, բայց դրանից չի փոխվում եկեղեցու նշանակությունը, հավատքի նշանակությունը եւ եթե փոխվում է, ապա էլ´ ավելի է կարեւորվում: Դարերի ընթացքում չունենալով պետականություն` հայ ժողովուրդն ապավինել է իր հավատքին, իր եկեղեցուն, եւ Հայ առաքելական եկեղեցին իր վրա է վերցրել պետականության, պետության շատ գործառույթներ, պահպանել` մեր լեզուն, մշակույթը, ինքնությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով մեր ժողովրդի կյանքում նաեւ այսօր եկեղեցու մեծ դերակատարությունը:

Հիերոնիմոս II-ը նշել է, թե հատուկ հուզմունքով է ընդունում նախագահ Սերժ Սարգսյանին, որովհետեւ հյուրընկալել է  բարեկամ երկրի նախագահի: Նա խոսել է հայ եւ հույն ժողովուրդներին պատմականորեն բաժին հասած նույնանման դժվարությունների ու տառապանքների մասին:

 «Բոլորս էլ կարդացել ենք եւ քաջատեղյակ ենք հայ ժողովրդի ողբերգության մասին: Վստահ եմ, որ դուք էլ նույն ձեւով հետեւել եք մեր ժողովրդի պատմությանը եւ մեր հայրենակիցների տառապանքներին հարեւան երկրում: Ահավասիկ հայ ժողովուրդը, որ այսքան տանջանքներից հետո կարողացավ վերապրել: Հենց ձեր ժողովուրդը հաղթահարեց այդ դժվարությունները եւ եկեղեցին պետության դեր կատարեց: Ճիշտ նույնը պատահեց նաեւ այս երկրում: Սակայն այս բոլորն անցյալին են պատկանում: Պարո´ն Նախագահ, հիմա նոր ժամանակներում ենք ապրում, նոր դժվարություններով: Ես հավատացած եմ, որ մեր համագործակցությունը, մանավանդ մեր կապն ուղղափառ հավատքի հետ կկարողանա մեզ օգնել, որպեսզի հաղթահարենք այսօրվա դժվարությունները»,- Հունաստանի Արքեսպիկոպոսը:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն Աթենքում այցելել է անհայտ զինվորի հուշարձան եւ իր հարգանքի տուրքը մատուցել` ծաղկեպսակ դնելով հուշարձանին, այնուհետեւ հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսի, վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի հետ:

Սերժ Սարգսյանը Աթենքում հանդիպել է նաեւ Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության  նախագահ Անտոնիս Սամարասի եւ հայ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Երեկոյան նախատեսվում է ՀՀ նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ընդունելություն, որին հրավիրված են Հունաստանի բարձր ղեկավարությունը եւ հունահայ համայնքի ներկայացուցիչներ: