Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հունվարի 19-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Չանչունին եւ նրա հետ քննարկել Հայաստանում 2011թ. հոկտեմբերին համապետական մարդահամարի անցկացմանը Չինաստանի կառավարության կողմից տեխնիկական օժանդակություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը նաեւ 2011թ. մարդահամարի կազմակերպման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նախագահն է:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը փոխանցել է տեխնիկական աջակցության հարցը քննարկելու չինական կողմի պատրաստակամությունը:
Փոխվարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ համագործակցությունը եւ շնորհակալության հայտնել տարբեր ոլորտներին Չինաստանի կառավարության կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար: Նա տեղեկացրել է, որ մի շարք երկրներ եւ միջազգային կազմակերպություններ մարդահամարի անցկացմանն արդեն ֆինանսական ու տեխնիկական աջակցության պատրաստակամություն են հայտնել եւ երախտագիտություն է հայտնել չինական կողմին` խնդրին արագ արձագանքելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կճշտվի եւ չինական կողմին կփոխանցվի անհրաժեշտ տեխնիկական միջոցների ցանկը:





























